Կառավարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք արդարացիորեն բարձրացնում են իրենց ոլորտներում դեռևս չկարգավորված հարցերը:
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը այդ կազմակերպություններին էականորեն օժանդակելու մասին վկայող մի քանի թիվ ներկայացրեց: Նախ՝ ֆինանսական միջոցների հրատապ անհրաժեշտություն ունեցող կազմակերպությունների վարկավորումը և կառավարության 3-րդ միջոցառումը, որով թույլատրելի ոլորտներում պարզեցված եղանակով վարկավորման մեխանիզմեր կիրառվեցին: Նախարարի խոսքով՝ 3 -րդ միջոցառման շրջանակներում այսօրվա դրությամբ մոտ 800 շահառու կազմակերպություն կա, որոնցից մեկ երրորդը ՝ 270 կազմակերպություն մեկուկես-երկու ամսում ստացել է 2,7 մլրդ դրամի կարգի միջոցներ, իսկ առաջին միջոցառման շրջանակներում՝ մոտ 800 մլն դրամ:
«Չնայած կարճ ժամանակահատվածին՝ մենք արագ ձևով արտոնյալ վարկեր ենք ապահովել 3,5 միլիարդ դրամի չափով, և նրանք դա գնահատում են, գիտեն, որ դա եղել է»,-ասաց նախարարը:
Խաչատրյանը նշեց, որ կան չլուծված հարցեր: Օրինակ՝ այդ ոլորտի ներկայացուցիչները հարկային արտոնություններ են ուզում, բայց ընդհանուր առմամբ դրանք ոչ մի ոլորտի չեն տրվել, քանի որ դրանք անհասցե ձևով այլ կազմակերպություների են անդրադառնում, իսկ կառավարության սկզբունքը թիրախային մոտեցումն է: Իսկ բանկերում նման կազմակերպությունների վարկային պարտավորությունների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: