Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ:
Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ընթացքի մեջ են նաև մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու մեր հարկային համակարգում և ընդհանրապես եկամուտների հայտարարագրման ոլորտում:
Ըստ վարչապետի՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: «Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները»:
Փաշինյանը կարևորել է կառավարության գործունեության մեջ թափանցիկության ամրագրումը։ «Մյուս կողմից՝ կարծում եմ, որ, ի վերջո, թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ և մենթալիտետ, որովհետև, ի վերջո, կառավարության անդամներն այդ կարգավիճակում հայտնվում են ոչ ի ծնե»,-նշել է նա:
Ներկայումս, ըստ վարչապետի, 2 սկզբունքային փոփոխություն կա. «Դրանցից մեկը գույքահարկի համակարգում մեր առաջարկած նոր համակարգն է, և երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը: Ընդ որում՝ այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով»։
«Եվ մենք արձանագրեցինք՝ եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, և մեզ համար աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում: Մենք նույնիսկ մի քանի ծրագրերով ուղղակի շաբաթներ ենք ծախսել, որպեսզի գտնենք այն մարդկանց, ում այդ գումարը պետք է տանք։ Սա, իր հերթին, բերել է լրացուցիչ բարդությունների, առավել ևս որ մենք, ինչպես ասացի, համոզված չենք, որ գտել ենք հենց այն մարդկանց, ում պետք է գտնեինք, մի շարք դեպքերում չենք գտել այն մարդկանց, ում լավ կլիներ, որ գտնեինք: Այնպես որ, իսկապես եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը: Այսպիսի բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, և մենք ունենք այդ քաղաքական կամքը»,-նշել է վարչապետը։
Հաջորդիվ ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը: