ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 7 կմ երկարությամբ հատվածը վերանորոգվում է, տեղադրվում է ասֆալտի նոր շերտ։ Այս մասին Գեղարքունիք կատարած այցելության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ նախկինում արված ասֆալտապատման որակի և խտության հետ կապված խնդիր է եղել, այժմ նոր շերտ է դրվում։
«Ընկերության հետ խոսել ենք և համաձայնության եկել, որ այս հատվածը նորից պետք է վերանորոգվի։ Այս հատվածը երկու կտորով է արվելու»,- նշեց Փաշինյանը։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց, որ այդ հատվածում մոտ 200 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների շարժը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները:
«Մյուս տարի Սևանի շուրջ անցանելիության խնդրի լուծումն ամբողջացնելու ենք: Սևանի արևելյան ափին տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները ստեղծված են: Արևելյան ափին գրեթե ոչինչ չկա, այստեղ ներդրումային նոր կուլտուրա պետք է ներդնենք: Էկոտուրիզմի տրամաբանության մեջ անսահմանափակ պոտենցիալ կա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը ծանոթացավ նաև Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության 30 կմ երկարության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին։
«Այս ճանապարհը արևելյան հատվածն է, որն ունի 12,5 կմ երկարություն և ավելի քան 30 տարի, նույնիսկ խորհրդային տարիներին, ասֆալտապատված չի եղել։ Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի»,- նշեց Փաշինյանը։