Վերամշակող ընկերությունները հերքում են, որ նվազեցրել են խաղողի մթերման գները։
Հիշեցնենք, որ Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործները բողոքել են խաղողի մթերման գների նվազեցման դեմ։ Նրանք դժգոհել են, որ վերամշակող մի քանի ընկերություններ խաղողի մթերման գինը դարձրել են 135 դրամ։
Գյուղացիների պնդմամբ՝ անցած տարի տեխնիկական կոնյակի սորտ խաղողը մթերվել է 150-160 դրամով, իսկ տեխնիկական գինունը՝ 230-240, մինչդեռ այս տարի վերամշակողները վերանայել են մթերման գները։
Երևանի կոնյակի գործարանից Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ ընկերությունը խաղողի մթերման գինը չի փոխել, ավելին՝ այս տարի խաղողն ընդունում են կիլոգրամը 155 դրամով նախկին 150-ի փոխարեն։
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության վերստուգող գլխավոր տնօրեն Մարինե Հարությունյանը ևս ժխտեց, որ իջեցրել են մթերման գները։
Նրա պնդմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա՝ շարունակում են գյուղացուց կիլոգրամը 150 դրամով խաղող ընդունել։
Նա, անդրադառնալով գյուղացիների՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» խաղողի ընդունման քանակի կրճատման մասին հայտարարությանը, նշեց, որ այս տարի կոնյակի վաճառքը լավ չի եղել, տեղի և գումարի խնդիր ունեն։
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» իր գործունեության պատմության մեջ առաջին անգամ խաղողի մթերման համար բանկից վարկ է վերցնում։
«Դեռ քանակի մասին ոչ ոք չի կարող հստակ ասել, որ մենք կրճատել ենք։ Մենք դեռ մեր պայմանագրի կողմ հանդիսացող 6000 գործընկերներից 500 հոգու ենք զանգել։ Ինչպես կարող են վստահ ասել, որ քանակը կրճատվել է։ Բանկն ամբողջ գումարը չի տալու։ Բանկը տալու է մթերման ծավալի անհրաժեշտ գումարի կեսի կեսը։ Քանի որ բանկը շտապեցնում է, որ կնքած պայմանագրերը տանք, մենք հազիվ դա ենք հասցնում, նոր են հաստատել, որ կարող են վարկ տրամադրել։ Պատճառը դա է, որ խաղողագործները խուճապի մեջ են հայտնվել։ 6000 հոգուց կարող է 300 հոգու հետ խնդիր ունենք։ Մեր գործընկերները պատրաստ են մեզ հնարավորինս շատ արագ գումար փոխանցել, որ բանկային գծի տրամադրած գումարը վերջանալուց հետո անցնենք մեր գործարան մուտք գործած դրամական միջոցներին»,- նշեց նա։
Մարինե Հարությունյանի խոսքով՝ առաջին անգամ չէ գործարանը նման խնդրի առաջ կանգնել։ Նույն իրավիճակն էր նաև 2015 թվականին, երբ խաղողի առատ բերք կար։ Գործարանն արտադրած ապրանքներն այս տարի դժվարությամբ է վաճառել։
«Ոչինչ նորմալ չի վաճառվել։ Եթե անցյալ տարի այս ժամանակահատվածում վաճառել էինք շուրջ 14 մլն շիշ կոնյակ, այս պահին վաճառել ենք 3-4 մլն շիշ ։Մենք մինչև 45000 տոննա խաղող ենք մթերել։ Հույս ունենք, որ մթերումից հետո մեր գործընկերները մեզ կընդառաջեն, որովհետև մոտ 6 մլն շշի ակցիզ մեզ մոտ այս պահին կա։ Համոզում ենք, որ լցված շշերը շուտ ուղարկենք, որ նոր ապրանքը կարողանանք այստեղ տեղավորել։ Մենք թորումը մի քիչ կուշացնենք մինչև այդ խնդիրը լուծվի»,- պարզաբանեց տնօրենը։
Նա հույս հայտնեց, որ գյուղացիներն իրենցից դժգոհ չեն մնա։
Արարատի մարզի Երասխ համայնքում գործող գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանը նույնպես պնդում է, որ գնային փոփոխություն չի եղել։
Պետության կողմից տրամադրված վարկերից է օգտվել, որ գործն առաջ տանի և խաղողի մթերման գործընթացն անցնցում կազմակերպի։