ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի ու Տիգրան Գաբրիելյանի և մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ում կազմակերպվել է հանդիպում Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ, որի հիմնական նպատակն էր քննարկել մարզում խաղողի մթերումների սահուն կազմակերպումն ու քայլեր ձեռնարկել մթերումների ընթացքում հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Քննարկման ընթացքում համայնքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ քվոտա՝ ելնելով հավաքվող բերքի քանակից։
Հավաքագրված տվյալներով՝ գործարանում մթերումները կսկսեն իրականացվել հոկտեմբերի 9-ից, հոկտեմբերի 7-ին և 8-ին կշարունակվի հերթերում կուտակված մեքենաների բեռնաթափումն ու խաղողի ընդունումը։ Մինչ այդ մարզպետը հորդորել է հոկտեմբերի 8-ին այդ համայնքներում բերքահավաք չիրականացնել։