Հարկային արձակուրդների տրամադրման հարցը ներկայումս կառավարության քննարկման առարկա չէ։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ այս փուլում կառավարությունը մտադիր չէ որևէ մեկին հարկային արտոնություններ և առավել ևս հարկային արձակուրդ տրամադրել։
«Դա ամենևին չի նշանակում, որ որոշակի ուղղությամբ իրադարձությունների զարգացման դեպքում մենք չենք վերադառնալ այդ հարցի քննարկմանը»,-նկատել է նա:
Անանյանի խոսքով՝ տույժերն ու տուգանքները կսահմանվեն օրենքով սահմանված կարգով այնքան ժամանակ, քանի դեռ որևէ այլ որոշում չի կայացվել:
ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրել է, որ հարկային եկամուտների փաստացի կատարողականը 1 տրիլիոն 464 մլրդ դրամ է, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 16,4 տոկոսով
Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, ապա ըստ նրա, այն մեծ ծավալներ է կազմել՝ այս ուղղությամբ ընդգծելով ավելի տրամադրված ՀԴՄ-ների թիվը, որն էականորեն ավելացել է:
«2018թ. հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ պետության պարտքը կազմել է 275,5 մլրդ դրամ, նվազել շուրջ 200 մլրդ-ով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 76,6 մլրդ դրամ: Ապրիլի 1-ի դրությամբ 71 մլրդ է: Կրկին նվազեցրել ենք»,- ներկայացրել է Անանյանը: