ՌԴ-ում կարող է սկսվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ազա Բաբայանի արտաքսման գործընթաց։ Այս մասին տեղեկություններ է հաղորդում «Հրապարակ» օրաթերթը։
Մասնավորապես, ըստ թերթի, պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան թղթակից Ազա Բաբայանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան դիվանագիտական արտոնագիր է ունեցել՝ օգտվելով իր ամուսնու՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակից լինելու հանգամանքից։ «Ազատության» թղթակիցն անարգել մասնակցել է տարատեսակ միջոցառումների, մուտք է գործել տարբեր հաստատություններ, որտեղ նրա՝ որպես լրագրողի մուտքն արգելված կլիներ։
Թերթի՝ ՌԴ ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին գործընթաց է սկսվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ կապված, հնարավոր է անգամ նրան Ռուսաստանից արտաքսեն։ Ռուսական կողմը Հայաստանից պատասխան է պահանջել «հակառուսական դիրքորոշում» ունեցող «Ազատության» թղթակցին պետական բարձր մակարդակով հովանավորելու հետ կապված։ Բանն այն է, որ ՌԴ-ն իր քաղաքացիներին նույնիսկ արգելում է թղթակցել «Ազատությանը», «Ամերիկայի Ձայնին» և մի շարք այլ ԶԼՄ-ների։
«Հրապարակի» հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը նշել է, որ իրեն ամենևին չի հետաքրքրում, թե որտեղ է աշխատում իր աշխատակցի ամուսինը։ «Դա ամենևին ազդեցություն չի կարող ունենալ լրագրողի պրոֆեսիոնալիզմի վրա»,- պատասխանել է Թամրազյանը։
Պատասխանելով թերթի հարցին, թե ճի՞շտ է, որ Բաբայանն ամուսնու շնորհիվ տարբեր հաստատություններ է մուտք գործել՝ թղթակցելով Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանին, իսկ քանի որ Ռուսաստանում «Ազատությունն» արգելված է, ՌԴ իշխանությունները դա պարզել են և ինչ -որ գործընթաց են սկսել նրա նկատմամբ, նույնիսկ կարող են արտաքսել Ռուսաստանից, Հրայր Թամրազյանը պատասխանել է․ «Ես նման տեղեկություններ չունեմ»։