«Ինչպես և գիտեինք ու սպասում էինք, իշխանությունը հատեց օրենքի և բարոյականության բոլոր հնարավոր կարմիր գծերը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին։
Նա հորդորել է Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին չհայհոյել ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը։
«Մի՛ դարձեք իշխանության ֆեյք, որ ձեզանով պատսպարված՝ շարունակեն հասարակությանը բաժանել յուրայինների և օտարների, որ ձեզ սարքած վահան, շարունակեն անտեսել երկրի ահագնացող տնտեսական և սոցիալական ճգնաժամը, որ ձեզ սարքելով վահան ու թիրախ, փախնեն կորոնավիրուսի դեմ տապալված պայքարի շատ մոտալուտ պատասխանատվությունից։
Երբ իշխանությունը, չունենալով քաղաքական հակափաստարկներ, սկսում է ընդդիմության հետ խոսել կոմպրոմատների և մեր անձնական, մասնավոր օգտահաշիվներն ու հեռախոսազրույցները անթաքույց հրապարակելու գործիքով՝ թքած ունենալով մարդու իրավունքի և քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության վրա, սա մեկ բան է նշանակում՝ այս իշխանությունը այլևս պարտված է»,-գրել է նա։
Զոհրաբյանը նշել է նաև, որ ինքը խոնարհվում է Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր այն հայրենակիցների առաջ, որոնք, ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, երբեք չեն հայհոյել, թշնամանք ու ատելություն չեն գեներացրել։
«Սրանք մտել են մեր ընտանիքները, եղբորը հանել են եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ, հարազատին՝ հարազատի դեմ, սրանք ոտնահարել են մարդու հնարավոր բոլոր իրավունքներն, ու սրանք պատասխան են տալու։
Ջուր մի՛ լցրեք ատելության ու թշնամանքի սրանց ջրաղացին, որի միակ նպատակը երկրի խայտառակ ձախողումներից ուշադրությունը շեղելու համար քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելն է»,-գրել է նա։
Ըստ Զոհրաբյանի՝ սրանք շատ լուրջ հանցագործություններ են, որոնց համար շատ մոտ ապագայում բոլոր դերակատարներն ու հիմնական կազմակերպիչը պատասխան են տալու։ «Մերժե՛ք ատելությունն ու թշնամանքը, մերժե՛ք հայհոյանքն ու հասարակությունը պատառկելու սրանց բոլոր քայլերը։ Մենք իսկապես հայրենիք ենք կորցում»,-գրել է նա։