Քիչ առաջ Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից: Ցանկացած պարագայում, կարծում եմ՝ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար»,- գրել է Սարգսյանը։
Նշենք, որ երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին անդրադարձել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ վանդալիզմին:
Մաքենանին վկայակոչել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը այն հուշարձանների շարքում, որոնք վերջերս պղծվել և վնասվել են ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում:
«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ոնենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- ասել է Սպիտակ տան խոսնակը: