Այսօր պատերազմի սպառնալիքը չափազանց մեծ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել խոստացածից շուտ մամուլի ասուլիս անցկացնել, և արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մինչև խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի հրապարակումն ասելիք կա, նախկին նախագահն ասել է, որ այն, ինչ ինքը ուզում է ասել, կապված չէ զեկույցի հետ:
«Դա պայմանավորված է նրանով, որ երկրում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք սերտ կապ ունեն ապրիլյան իրադարձությունների հետ: Ապրիլյան պատերազմը միայն պատերազմ չէր, դա խոշոր ռազմաքաղաքական իրադարձություն էր, որն ազդեց ներքին և արտաքին օրակարգի վրա: Ապրիլյան պատերազմը սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անվտանգության հետ: Դա մեր ժողովրդի կենսական կարևորություն ունեցող հարցերից մեկն է: Այն սերտորեն կապված է բանակցային գործընթացի հետ, որը, իմ կարծիքով, ցավոք, կամ մտել է փակուղի կամ էլ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք էր: Ինչպես արդեն ասացի, ապրիլյան պատերազմը կապված է նաև մեր արտաքին քաղաքականության հետ: Այդ պատճառով այսօր մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձությունները շատ վտանգավոր են: Եթե ամփոփենք ասվածը, կարող եմ հայտարարել, որ այսօր պատերազմի սպառնալիքը չափազանց մեծ է: Իսկ յուրաքանչյուր մարտական գործողություն, լինի դա 4 կամ 7 օր, ճիշտ հետաքննման կարիք ունի: Նույնիսկ ԶՈւ զորավարժություններից հետո գործողությունների և խնդիրների ցուցակ է կազմվում, որպեսզի, Աստված մի՛ արասցե, մարտական գործողություններին պատրաստ լինենք: Մյուս կողմից, վստա՞հ եք, որ արտակարգ դրությունը մոտ ապագայում կավարտվի: Ես վստահ չեմ»,- ասել է Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինքը նպատակ է ունեցել տարածքներ հանձնելու՝ Սարգսյանը նշեց․
«Դրանք կեղծ խոսակցություններ են: Ես երբեք ժողովրդին վնաս հասցնող կամ սպառնալիք ներկայացնող որևէ համաձայնություն չեմ կնքել որևէ մեկի հետ: Ամոթ է, պարզապես ամոթ է պետք ունենալ նման խոսակցություններ տարածելու համար: Նրանք դա անում են՝ քաղաքական նախասիրությունների կամ իմ հանդեպ հակակրանքից ելնելով: Սակայն կարծում եմ, որ դա նեղ շրջանակի կարծիքն է, այն արձագանք չի ստանում լայն շրջանակներում: Չի եղել նման բան, և չի կարող լինել »,-ասաց Սարգսյանը։