Հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը։
Աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Խմբում ներգրավվել են ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և այլն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 17-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշել էր, որ մարմնի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին՝ Երևանում: Նույն օրը Մինսկում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հավանական է, որ միջոցառմանը Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները կբարձրացնեն ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների և, առաջին հերթին, Ռուսաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիների շարունակվող բողոքները (հատկապես նրանց, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան, և Ռուսաստանի քաղաքացիների հարազատները, որոնք ցանկանում են վերամիավորվել իրենց ընտանիքների հետ):
Հայաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ այդ հարցը օրակարգում է։ Մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է քննարկել ավիահաղորդակցության վերսկսման հարցը՝ ԵԱՏՄ մակարդակով: Հնարավոր է՝ այդ հարցը քննարկվի հենց հոկտեմբերի 9-ին։