Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 109 կողմ ձայնով միաձայն ընդունեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը:
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2015 թվականից գործող «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է մի քանի ամսից․ եթե փոփոխություններ չկատարվեն, ապա 2021 թվականի հունվարի 1-ից օրենքի գործողության ժամկետը կավարտվի։
Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, որ նախագիծը մեկնարկել է դեռ այս տարվա հունվար-փետրվարին, երբ պատգամավորներն այցելել են սահմանամերձ համայնքներ՝ նախքան հուլիսյան իրադարձությունները:
«Առաջարկում ենք նախ երեք տարով երկարաձգել օրենքի կիրառման ժամկետը, ինչը հնարավորություն կտա սահմանամերձ համայնքի բնակիչներին օրենքով ամրագրված մի շարք արտոնություններից օգտվել: Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա պետությանը ևս երեք տարի 50 տոկոսով փոխհատուցել սահմանապահ համայնքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի ծախսը »,- ասաց պատգամավորը:
Գործող օրենքով սահմանվում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության և ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում ու տրամադրում բնակիչներին: Նախագծով ամրագրվում է, որ եթե դա չի հանգեցրել օթևանի ամբողջությամբ կորստի՝ անկախ վնասվածքի չափից, պետությունը կամ պարտավոր է լինելու վերականգնել, կամ, եթե վերականգնումն անհնար է, ապա տվյալ համայնքում բնակչի համար նոր առանձնատուն կկառուցվի կամ կգնվի: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարիներին կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով:
Սահմանվում է, որ սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանված գյուղատնտեսական և/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին:
«Կառավարության առաջարկով՝ մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախագծում այս կարգավորումը կընդլայնվի, կներառենք նաև վնասված գյուղատնտեսական տեխնիկայի փոխհատուցումը»,-ասաց պատգամավորը:
Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով տվյալ համայնքներում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից՝ կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: Իսկ եթե լինի զոհ, ապա զոհվածի ընտանիքի անդամներին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար: