Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն։