ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հերքեց լուրը, թե օրենսդիրից տեղափոխվելու է գործադիր՝ արդարադատության փոխնախարար աշխատելու նպատակով:
Նա ընդգծել է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սպառիչ մեկնաբանություն է տվել այս հարցի վերաբերյալ:
Իսկ թե ինչ է կատարվում հիմա իրենց խմբակցության ներսում, մամուլում պարբերաբար խոսվում է այս կամ այն պատգամավորի՝ մանդատը վայր դնելու մասին, Գրիգորյանը պատասխանեց, որ խմբակցությունը նորմալ է աշխատում, իսկ եթե խմբակցության որևէ անդամ նման մտադրություն ունի, ապա պատճառների մասին ինքը պետք է հայտարարի։
«Խմբակցությունում աշխատանքային գործընթացից բացի, այլ բան չի կատարվում»,- նկատեց պատգամավորը:
Նա նշեց, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ բոլոր լուրերը, եթե համապատասխանեին իրականությանը, «Իմ քայլի» ցուցակն արդեն սպառված կլիներ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը և Գոռ Գևորգյանը մտադիր են վայր դնել մանդատները՝ ՍԴ դատավորների ընտրության հարցում խմբակցության ընդհանուր դիրքորոշման հետ ունեցած անհամաձայնության պատճառով։