Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Փաշինյանի հետ համաձայնություն է ձեռք բերել Դուշանբեում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Ալիևն ավանդաբար աչքի է ընկնում ապակառուցողական, հուզական, տեղ-տեղ անպատասխանատու, տեղ-տեղ սուտ հայտարարություններով»,- ասաց պատգամավորը։
Ռուբինյանը նշեց, որ վերջերս Հայաստանը, ի դեմս ԱԳ նախարարի, իր դիրքորոշումները ներկայացրել է, և Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը։
«Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում, որ կողմն է հարձակվում մյուսի վրա և որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացը»,- ասաց Ռուբինյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները մշտապես անում են կատեգորիկ հայտարարություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ, և Հայաստանի դիրքորոշումը տրամաբանական է՝ անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ:
«Երկրորդ՝ երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում, օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները», – ասաց Ռուբինյանը:
Անրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած բանաձևին, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստան, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ Ռուբինյանն ասաց՝ հայտնի է, որ աշխարհում ցանկացած հակամարտություն, որ պետք է լուծվի, պետք է լուծվի բոլոր ժողովուրդների համաձայնությամբ:
«Եթե ժողովուրդներից մեկը համաձայն չէ, այդ հակամարտությունն առնվազն տևական լուծում չի ունենալու: Կա երկու տարբերակ. Կա’մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա’մ այս հակամարտությունը չի լուծվի»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարել էր, թե իբր Հայաստանի ղեկավարությունը լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին և տապալել բանակցային գործընթացը։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ արձագանել էր Ալիրևի հայտարարությանը՝ նշելով, որ դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։