Ղարաբաղի հարցում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ Արցախի հայության առջև դնում է սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այս մասին ժողովրդին տեսաուղերձով դիմելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը Արցախից պահանջում էր իրեն հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկերտ ժամանակացույց և արձանագրել, որ ԼՂՀ-ն որևէ կարգավիճակ պետք է ունենա Ադրբեջանի կազմում։
«Այսինքն՝ տարածքներ պետք է հանձնել ոչ թե կարգավիճակի, այլ՝ խաղաղության։ Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որը բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ բանակցային եզրափակման հանգրվան, ըստ էության հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի է։ Այս պայմաններում, երբ մենք փորձում ենք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում։ Ըստ էության դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր»․- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Արդբեջանի բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։
«Հուլիսյան դեպքերից հետո սկսվեց թուրք- ադրբեջանական զորավարժություններ, որի ընթացքում նրանք համոզվեցին, որ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ իր առաջ դրված խնդիրը լուծել»,- նշեց նա։