ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
CBN News-ի լրագրող Ջորջ Թոմասը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության նպատակներով, ողջ տարածաշրջանի համար այս պատերազմի հնարավոր հետևանքներով, ինչպես նաև՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է դիտարկել որպես էթնիկ հակամարտություն՝ Թուրքիայի ներգրավվածությամբ, և արդյո՞ք այն վերածվում է կրոնական պատերազմի հին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի, Թուրքիայի միջև, նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի տարածքն է առանց բնիկ ժողովրդի՝ հայերի: «Երբ ցանկանում ես հողը ազատագրել մարդկանցից, դա կոչվում է էթնիկ զտում: Նրանք ցանկանում են հողերն առանց հայերի, առանց այն մարդկանց, ովքեր հին մշակույթ ունեն, այնտեղ են ապրել հազարավոր տարիներ: Սա՝ մեկ պատճառ»,-շեշտել է նա։
Արմեն Սարգսյանը Թուրքիայի ներգրավվածությունը չի համարում կրոնական պատերազմ: Ըստ նախագահի՝ սա հակամարտություն է, որը պետք է լուծվի դիվանագիտորեն: ՀՀ նախագահը Թուրքիային խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է համարում:
Հարցին՝ թե ինչ հետևանքներ կլինեն, եթե չդադարեցվի Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությանը, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Չկանգնեցնելով Թուրքիային՝ կունենանք մեկ այլ Սիրիա, տասն անգամ ավելի մեծ, քանի որ կունենանք խիստ անկայուն Կովկաս, միջազգային խողովակաշարը կվերահսկի Թուրքիան: Եթե Թուրքիան չհեռացվի ընդհանուր պատկերից, շատ դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել խաղաղ կարգավորման և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղան: Հիմա Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Եթե սա շարունակվի, ապա տարածաշրջանի այլ հարևաններ կներգավվեն, և մենք մեկ այլ Սիրիա կունենանք»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարավոր տարիներ ապրում են իրենց հողում:
«Նրանք հպարտ մարդիկ են, մարտիկներ են, որոնք կպայքարեն մինչև մահ: Նրանք ունեն Հայաստանի աջակցությունը, որովհետև ոչ միայն մենք՝ Հայաստանում ապրողներս, այլև ամբողջ աշխարհի հայերը, չեն կարող թույլ տալ, որ Թուրքիան կրկնի այն, ինչ իրականացրել է 105 տարի առաջ. 1,5 միլիոն հայեր կորցրել են իրենց կյանքը, հարյուր հազարավորները ստիպողաբար տարհանվել են, գնացել են անապատներ և հասել են տարբեր երկրներ՝ Լատինական Ամերիկա, ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ռուսաստան և շատ արաբական երկրներ։ Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների»,- նշել է նա։