ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը մեկնարկեց նոր պատգամավոր Կարապետ Մխչյանի երդմնակալությամբ։
«Իմ քայլ» -ի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, և նրա փոխարեն մանդատը ստացել է Կարապետ Մխչյանը։
32-ամյա պատգամավորը Գյումրի քաղաքից է, մասնագիտությամբ՝ աշխարհագրագետ: «Իմ քայլը» կուսակցության անդամ է: Հեղափոխությունից հետո՝ 2019-ին նշանակվել է Գյումրու քաղաքապետի գլխավոր խորհրդական:
Իսկ մանդատը վայր դրած պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։
Հիշեցնենք, որ Ուլիխանյանը մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Հիշեցնենք, նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: