«Garmin Ltd ընկերությանը հայտնի է դարձել, որ իր արտադրանքներից մեկը ներդրված է եղել դրոններում, որոնք օգտագործվում են Bayraktar անօդաչու թռչող սարքերում՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախում) անմեղ քաղաքացիների սպանության համար։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ բռնությունը եւ սգում նրանց մերձավորներին, ովքեր սպանվել են», – ասված է Garmin Ltd-ի նամակում, որն ուղարկվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA):
Նշվում է, որ այդ անօդաչու թռչող սարքերում օգտագործվող Garmin արտադրանքը առեւտրային, ոչ ռազմական արտադրանք է, որը լայնորեն հասանելի է ձեռքբերման համար: Այն նախատեսված չէ ռազմական նպատակներով օգտագործելու համար և նույնիսկ նախատեսված չէ անօդաչու թռչող սարքերում օգտագործելու համար։
«Մենք հետաքննում ենք, թե ինչպես են մեր մշակումները հայտնվել այդ դրոններում, եւ մեր հետաքննությունից հետո մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք, որպեսզի պաշտպանենք մեր մշակումները այդ կերպ կրկնակի օգտագործումից», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։