«Հայրենիքի փրկության շարժման» երթն ավարտվեց Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ։
«Անցնող մեկուկես ամսվա ընթացքում, երբ տեղի են ունենում հայրենիքը ծախելու, զիջելու գործողություններ, մենք հասանք մի աբսուրդային վիճակի։ Հանուն հայրենիքի ցույցերի մասնակիցները պարբերաբար բերման էին ենթարկվում, հարուցվում էին քրեական գործեր։ Այս ամբողջ շրջանում պայքարի մեջ են եղել նաև փաստաբանները, որոնք կատարել են իրենց մասնագիտական գործը, ու, որպես մեծ փաստաբանական ընտանիք, հանդես են եկել իրենց դիրքորոշումներով»,-ՀՔԾ շենքի մոտ ընդգծեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա իր խոսքը փոխանցեց փաստաբան Ամրամ Մակինյանին, որն իր ելույթով դիմեց ՀՔԾ աշխատակիցներին։
«ՀՔԾ իմ գործընկերներ, բոլորիդ ճանաչում եմ և ճանաչում եմ վաղուց։ Գիտեմ ձեր հույզերը, ձեր զգացմունքները։ Գիտեմ նաև, թե ինչքան դժվար է ձեզ համար ընդունել որոշումներ, որոնք չեք ցանկանում ընդունել։ Վիճակն իրոք օրհասական է։ Դուք ձեր անգործությամբ այդ օրհասական վիճակն էլ ավելի եք վատթարացնում։ Խնդրում եմ ձեզ որպես ձեր ընկեր։ Գործե՛ք այնպես, որ վաղը կարողանանք իրար աչքերի մեջ նայել, և մեր խնդիրների, մեր գործած սխալների ու բացթողումների համար մեղավորներ չփնտրենք։ Իշխանությունները հույսները ձեր վրա են դրել, իսկ դուք ձեր հույսը դրեք ձեր խղճի, օրենքների ու ժողովրդի վրա և, ինչպես միշտ, հայ ժողովուրդը ձեր կողքին կլինի»,-հայտարարեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Հայրենիքի փրկության շարժման պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: