1․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանի միջնորդությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ԱԱԾ հրավիրելու և հարցաքննելու մասով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է նրա պաշտպան Լևոն Սահակյանը:
2․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ աննախադեպ բան է եղել. այս տարվա հունվարի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի և օգնականի եղբոր՝ Հարություն և Զավեն Գրիգորյանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով նիստը, պաշտպան Լևոն Սահակյանը Հարություն Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդել է վճարել 1 տրիլիոն 697 մլրդ դրամ: Թե ինչպես պետք է վճարեին, պարզ չէ: Դատավորը, սակայն, մերժել է Զավենին ազատ արձակել անգամ ՀՀ պետբյուջեի եկամուտների չափով առաջարկված 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գումարը որպես գրավ ընդունելու պայմանով:
3․ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձելՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից: Թերթի տեղեկություններով՝ նախարարի հետ հանդիպմանը այնքան էլ շատ պատգամավորներ չեն մասնակցել, որի համար ներկայացրել են պատճառներ: Բանն այն է, որ այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Ազգային ժողովում տարբեր հանձնաժողովների նիստեր էին ընթանում, և պատգամավորները ժամանակային առումով չեն հասցրել գնալ ՔՊ գրասենյակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հանդիպումն ընթացել է ելույթ-հարցուպատասխան ձևաչափով: Պատգամավորներից հարցեր են հնչեցրել Լիլիթ Մակունցն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» հունվարի 13-ի կորպորատիվին մասնակցել են ՔՊ վարչության անդամներ ու շատ քիչ պատգամավորներ։ Պատճառը ֆրակցիայում տիրող «մուտիլովկաներն» են: Կենաց ասել են հիմնականում 3 անձ՝ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանի ելույթը Նիկոլի տարեվերջյան ամփոփումի նոտայով է եղել` ասֆալտապատման ձեռքբերումների թվարկմամբ, իսկ Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ ներկաները քար են կտրել։
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ շաբաթ օրը` ամսի 18-ին, ԱԺ-ում տեղի կունենա Արցախ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովների նիստը, ինչը կարևոր է Արցախում մարտին սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին:
Աշոտ Ղուլյանին աջակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Մասիս Մայիլյանին` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայաստանյան սորոսական «ստաֆը», իսկ Արայիկ Հարությունյանն ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սատարումը, ինչի մասին արդեն իսկ խոսվում է:
6․ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը և պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել և աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»։
7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Հայկ Մարությանն ուզում է տարին սկսել նոր թաղապետ-փոխթաղապետերով։ «Ուզում է քաղաքական դեմքեր լինեն, տիրապետեն պրոցեսներին, քանի որ ավագանու «Իմ քայլում» նման մարդիկ չկան, ընդդիմության ուդառներին պատասխանող չկա»,- ասել է ավագանու ընդդիմադիր անդամը: Իսկ թաղապետ-փոխթաղապետերը նման իրավունք ունե՞ն։ «Թաղապետերը` ոչ, նրանք միայն հարցուպատասխանին մասնակցելու իրավունք ունեն, իսկ փոխթաղապետերը՝ արտահերթ ելույթի, դա է նրանց կարևորելու պատճառը»: Որտեղի՞ց են գտնելու այդքան խոսող տեղակալ, չէ որ իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են։
8․«Փաստ» թերթը գրում է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացն արդեն մեկնարկել է, որտեղ մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:
Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից: Թերթի հետ զրույցում, սակայն, մասնագետներից ոմանք բարձրաձայնել են նման ընթացակարգի խնդրահարույց լինելու մասին։ Մասնավորաբար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Փաստի» հետ զրույցում ասել է, որ սա մանկապարտեզի մակարդակի անլուրջ դրսևորում է, ու նման կերպ մշակվող Սահմանադրությունը իր արդյունավետության, որակականության և հաջողության առումով արդեն իսկ դատապարտված է ձախողման։
9․«Փաստ» թերթը գրում է․
Պարզվում է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ տարբեր բնույթի ճնշումները զուտ նրա անձով չեն սահմանափակվում: Ճնշումների, սադրանքների շարքը հասել է նաև նրա թոռներին:
«Փաստի»՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորյանի թոռներից մեկը՝ Վազգեն Գրիգորյանը, ծառայում է զինված ուժերում, և իշխանությունները տարբեր միջոցներով անընդհատ բարդ իրավիճակներ են ստեղծում՝ փորձելով տղային ներքաշել տարբեր հորինված պատմությունների մեջ. անընդհատ ցուցադրաբար ստուգում են նրան, զրույցներ ունենում՝ ակնարկներով հիշեցնելով նրա պապին վերագրվող հանցագործությունները:
Նպատակը տղային հունից հանելն է՝ դրա բոլոր հետևանքներով: Նույն աղբյուրի փոխանցմամբ, բարեկամները անընդհատ այցելում են զինվորին, հանգստացնում, որպեսզի տղան սադրանքների չտրվի:
10. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը այն դժգոհությունն էր, թե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանը՝ իր ողջ ռեսուրսներով: Եվ չնայած Կարապետյանի հեռանալուց անցել է արդեն մեկ շաբաթ ժամանակ, սակայն Փաշինյանը չի շտապում նոր նշանակում կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ օրերս էլ նա նոր նշանակում չի անի: