Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի մեկի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև միջադեպ գրանցվեց:
Միհրան Պողոսյանը ներկայացնում էր մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի հիմքերը, որի ընթացքում դատախազ Բաղդասարյանը առարկեց պաշտպանական կողմի գործողությունները, որից հետո դատախազի և պաշտպանի միջև տեղի ունեցավ բանավեճ։
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո դատարանն արձանագրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից թույլ են տրվել դատական նիստի կարգը խախտող գործողություններ, մեղադրողը և պաշտպանը չեն ենթարկվել այդ գործողությունները դադարեցնելու վերաբերյալ դատարանի պահանջներին, ինչով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի նկատմամբ։
Այս առնչությամբ դատարանը նկատողություն հայտարարեց Միհրան Պողոսյանին և Գևորգ Բաղդասարյանին: