Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը «Armenia Today»-ի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանի վարչապետի հոկտեմբերի 15-ին Հայաստան կատարած պաշտոնական այցին և Վրաստանի տարածքով Հայաստան ցորենի տեղափոխման վրա դրված արգելքին
Զրույցի սկզբում փորձագետն անդրադարձավ Գեորգի Գախարիայի Հայաստան և ընդհանրապես տարածաշրջանային այցի նախադրյալներին և նշեց, որ նոր վարչապետի ընտրությունից և կառավարության փոփոխությունից հետո, վարչապետ Գախարիայի առաջին քայլը պետք է լիներ տարբեր գործընկեր երկրներ կամ կազմակերպություններ այցը։
Այն հարցին, թե ինչո՞ւ հենց Ադրբեջանից սկսվեց այցերը, փորձագետը պատասխանեց, որ «Ադրբեջանի հետ կար հստակ խնդիր, որին պետք էր լուծում տրվեր (խոսքը Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի շարք եկեղեցիների մասին է, որոնք գտնվում են վրաց- ադրբեջանական սահմանին): Նույնիսկ Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլիա 2-րդը նամակ էր ուղարկել վարչապետին, որով ակնկնալվում էր Վրաստանի իշխանությունների աջակցությունն այդ հարցի կարգավորման ուղղությամբ:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ փորձագետը նշեց, որ Վրաստանում արդեն ձևավորվել է մի մոդելը, ըստ որի՝. Երևան այցից հետո պարտադիր այց է լինում Բաքու, կամ էլ ճիշտ հակառակը՝ Բաքու այցելելուց հետո Վրաստանի իշխանությունները պարտադիր այցելում են Երևան:
«Այս ամենը տեղավորվում է Վրաստանի տարածաշրջանային քաղաքականության մոդելի մեջ ,որտեղ նաև Վրաստանը փորձում է իր հարաբերություները դիվերսիֆիկացնել»- ընդգծեց Ջոնի Մելիքյանը:
«Հայաստանում՝ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից հետո, հայ-վրացական հարաբերությունները մնում են դինամիկ և հարաբերություններում նկատվում են որակական փոփոխությունների նախադրյալներ: Այս համատեքստում պետք է ընդգծել Երևանի կողմից առաջ քաշված «ստրատեգիական տեսլական»-ի ձևավորման հարցը, որը կարող ենք համարել այս այցի հիմնական ուղերձ՝ չմոռանալով, որ այցը ճանաչողական էր և, եթե ֆուտբոլային տերմիններով խոսենք, գնդակը Վրաստանի դաշտում է»,- նշեց փորձագետը:
Զրույցի ընթացքում փորձագետն անդրադարձավ նաև Վրաստանի տարածքով Հայաստան ցորեն տեղափոխելու խնդրին՝ նշելով, որ
«Չնայած հոկտեմբերի 1-ին ցորենի տեղափոխման արգելքի հետ կապված հերթական ժամկետն էր ավարտվել, այնուամենայիվ մինչ օրս հստակ որոշում չկա։ Իմ կարծիքով՝ բանակցությունների շարունակությունը կախված է նրանից, թե ինչքանով նոր կառավարության օրակարգի մեջ այս հարցը կմնա։ Քանի որ, նախկին վարչապետն էր հարցը առաջ քաշել՝ հնարավոր է, որ այսօր իրականությունը փոխվի»։
Ջոնի Մելիքյանն առանձնացրեց Վրաստանի տարածքով Հայաստան ավտոմեքենաներով ցորեն տեղափոխելու արգելք սահմանելու 3 հիմնական պատաճառները․ «Առաջին պատճառն այն էր, որ նվազել էր վրացական երկաթգծով բեռնափոխադրումների քանակը և անհրաժեշտ էր ապահովելը որոշ քանակությամբ բեռների տեղափոխում երկաթգծով, երկրորդը՝ տուրիզիմի հետ էր կապված։ Քանի որ, թե՛ բեռները, թե՛ զբոսաշրջիկները Լարսի անցակետով էին անցնում ,արդյունքում բավականին լուրջ կուտակումներ էին առաջանում, իսկ արգելքը հնարավորություն կտար կրճատելու կուտակումներն և երրորդ պատճառը՝ ենթակառուցվածքների մաշվածության հարցը լուծելն էր։ Շատ ժամանակ ավտոմեքենաներն ավելի շատ էին բեռնված՝ 38 տոննայի փոխարեն, օրինակ, 45 տոննա էին։ Այդպիսի յուրաքանչյուր մեքենա բավականին լուրջ վնաս էր տալիս ավտոճանապարհներին, որոնց վրա վրացական կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում։ Այս 3 պատճառները միացնելով՝ Վրաստանը որոշել է, որ պետք է արգելք սահմանի ավտոմեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան ցորեն տեղափոխելու վրա»:
Փորձագետն, ամփոփելով ասվածը, նշեց, որ վարչապետի փոփոխությունը միգուցե հանգեցնի այս խնդրից հրաժարումի կամ կոնսենսուսային այլ որոշման: