ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։
Էրիկ Գարսեթին կարևորել է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ ու Լոս Անջելես։
Էրիկ Գարսեթիի խոսքով Լոս Անջելեսում բնակվող և գործունեություն ծավալող հայկական համայնքը շատ հաջողակ է և ակտիվ ներգրավված է քաղաքի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։
«Լոս Անջելեսը և Երևանը քույր քաղաքներ են, մենք արդյունավետ համագործակցում ենք, և կարևորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», – նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ այցի օրակարգի կեսը նվիրված է Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի հետ համագործակցությանը, ինչը վկայում է այդ գործընկերությանը տրվող կարևորության մասին և նոր հնարավորություններ է բացում համագործակցության զարգացման համար։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքական արմատական փոփոխություններից հետո Հայաստանն առաջ է գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման, տնտեսական առաջընթացի արձանագրման ճանապարհով, և այդ գործընթացում մեր գործընկերների հետ համագործակցությունը կարևոր դեր ունի։
ՀՀ վարչապետն ու Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և այլ ուղղություններով փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատման կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները փոխշահավետ համագործակցության կոնկրետ ծրագրեր մշակելու և գործնական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Էրիկ Գարսեթին փոխանակվել են խորհրդանշական հուշանվերներով։