Սարդարապատի հուշահամալիրում այսօր՝ օգոստոսի 28-ին, տեղի ունեցավ Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշյան հաղթական մարտերի ամասնակիցներից 16 զինծառայողների պարգևատրեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Տավուշյան հաղթական մարտերի մասնակիցներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։ Կապիտան Ռուբեն Սանամյանին ներկայացրել էր Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։