Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղյակ է, որ լիբանանցի երկու փախստական ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ների այն հարցին, թե իբր Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադիր են իրենց տարածքում վերաբնակեցնել լիբանանահայերին։
«Մենք այլ տվյալներ չունենք։ Կարծում ենք, որ այժմ ավելի լավ է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերականգնման վրա, որն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ փախստականների և տարածաշրջանում բռնի տեղահանված անձանց խնդրի վրա», – նշել Է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է սեպտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ միջնորդների ունեցած հեռախոսազրույցների մասին, որոնք նրանց են փոխանցել հանդիպման նախապատրաստման մասին առաջարկը:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն սեպտեմբերի 16-ին հանդես էր եկել մեկնաբանությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի կապակցությամբ։
«Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութում մարդասիրական աղետի զոհերը դառնան հարձակումների թիրախ և ադրբեջանական իշխանությունների քաղաքական շահարկումների առարկա։ Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում բարդ իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին», – ասվում է Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։