Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Այս մասին հայտարարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»,- հայտնել է ՀՄՏԿ-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով։ Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն է հայտարարված։