Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի հետ, որի ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ քաղաքական, ռազմական բնույթի, նաև այսօր ստեղծված իրավիճակն ու դրանից հնարավոր ելքերը։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-կան պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա հայտնեց, որ հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ։
«Ստեղծված իրավիճակի քննարկում է եղել։ Քննարկել ենք նաև ագրեսայի զսպման տարբերակները։ Մի բան պետք է գիտակցել, որ մեր հայությունը միասնական բռունցք է դարձել այս բարբարոսությունների դեմն առնելու համար»,- ասաց նա։
Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ այս փուլում Արցախի անկախության ճանաչումը Արցախի ժողովրդի անվտանգությունը ու էթնիկ զտումը բացառող գործիք է։
ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ այս պահին կարևոր է աշխարհի որևէ երկրի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որից հետո ՀՀ-ն կարող է գնալ այդ քայլին։
«Սա անվտանգության երաշխիք պետք է լինի: Մենք պատերազմ ենք վարում թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, և այս փուլում, երբ Թուրքիան 105 տարի հետո ցեղասպանության ալիք է բարձրացնում, խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող: ՄԽ ձևաչափը կամ պետք է փոխվի, կամ վերաիմաստավորվի», – ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։