Կառավարության որոշմամբ հաջորդ տարվանից թուրքական ապրանքների մուտքը մեր երկիր վեց ամսով արգելվում է։ Այլևս թուրքական արտադրության կոշիկ ու հագուստ չենք հագնի, ինչպես նաև այդ երկրում աճեցված բանջարեղեն չենք ուտի։
Իսկ մինչ այդ, Armenia Today-ը պարզել է, թե այս տարվա ընթացքում Թուրքիայից ինչ ապրանքներ են ներկրվել։
Սննդի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ մեր երկիր ոչ միայն անմիջապես Թուրքիայից է ապրանք ներկրվել, այլև թուրքական ծագմամբ արտադրանքը մեր շուկա հասել է երրորդ երկրի միջոցով։ Ներկրվել է ամենատարբեր ապրանքներ՝ բամբակյա մանրաթելից մինչև մածունի մերան։
Հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծվել է 18110 կգ բամբակի մանրաթել, նաև զգալի քանակությամբ ձեթի տեսակներ։ Բերվել է նաև 417,6 կգ մաստակ։
Այս երկրից առավել մեծ քանակությամբ խմորեղենի համար նախատեսված ծածկապատման խմորանման զանգվածներ և դոնդողների տեսականի է ներկրվել։
Այս տարի ևս տարբեր ծաղիկների սածիլներ են ներկրվել, հատկապես, մեխակի։ 45 կիլոգրամ էլ փայտե տակդիրներ են բերվել։
Հայ ֆերմերները տարիներ շարունակ դժգոհում են, որ Թուրքիայից բերված բանջարեղենը հարվածում է տեղական արտադրանքին։
ՍԱՏՄ-ի տրամադրված տվյալներով՝ անմիջապես Թուրքիայից չի ներմուծվում ցիտրուսային մրգերն ու բանջարեղենը։ Թուրքական ծագմամբ գյուղմթերք Հայաստան է արտահանվում Վրաստանից։
Ձմռան սեզոնին մեծ ծավալներով Թուրքիայում աճեցրած դդմիկ, սմբուկ, նուռ, սերկևիլ, տանձ, դեղձ, խնձոր, սեխ, ձմերուկ, խաղող, թուզ, սալոր է ներկրվել։
Աշխարհում ծիրանով հայտնի Հայաստանը մայիսին անգամ թուրքական ծիրան է ներմուծվել։
Մարտին Վրաստանը մեր երկիր է արտահանել թուրքական ծագմամբ 20660 կգ գազար, ինչպես նաև ծաղկակաղամբ։
Հունվար- մարտ ամիսներին հայկական շուկան ողողված է եղել թուրքական լոլիկով, վարունգով ու պղպեղով, որոնք Վրաստանից են արտահանվել։ Թուրքիայում արտադրված չիպսեր էլ է բերվում։
Ցիտրուսային մրգերը՝ կիտրոն, նարինջ, մանդարին, թուրինջ, կիվի, նույն ճանապարհով է հայ սպառողին հասել։
Իսկ ռուսաստանից մեր երկիր է արտահանվել թուրքական ծագմամբ սամիթ, սոխ, ծովամթերք և հրուշակեղեն։
Հիշեցնենք, որ Կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա։ Միևնույն ժամանակ թուրքական ապրանքները բոյկոտողներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից կոչ են անում չխոչընդոտել արդեն իսկ ներկրված թուրքական ապրանքների սպառմանը։
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում են hագուստ, ցիտրուսային մրգեր, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան, նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված այլ նյութեր։