ԲՀԿ-ն տեղեկություններ ունի, որ 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրումներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցված իշխանությունների կողմից։ Այս մասին ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանության սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և «Իմ քայլը» խմբակցության մի քանի համակիրների, որպեսզի կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացնեն մեր կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ընթացքում», – տեղեկացրեց պատգամավորը։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարությանը՝ Տոնոյանը նկատեց, որ դրանով իշխող ուժը փորձում է հակադրություն փնտրել Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում, խաղաղապահների տեղակայման հարցի առնչությամբ։
«Ես խորապես ցավում եմ, որ «Իմ քայլին» թվում է, թե իրենք նման պրիմիտիվ մանիպուլյացիաներով կարող են հանրության ուշադրությունը շեղել հիմնական օրակարգից: ԲՀԿ-ն մշտապես նշել է, որ ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը պատերազմական իրավիճակում չի ունեցել այլընտրանք, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը եղել է Ռուսաստանը, սակայն, երբ սեպտեմբերի 29-ին ՌԴ-ից եկել են ազդակներ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ կոնկրետ գործընթաց սկսելու մասին, մեր երկրի իշխանությունների կողմից արժանացել է արհամարհանքի։ Ինչո՞ւ, երբ հարցը կարելի էր քննարկել դեռ սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, չկորցնել այն տարածքները, որոնք այլևս մերը չեն այսօր, իշխանությունները չգնացին այդ քննարկումներին»,- հարց բարձրացրեց նա։
Իվետա Տոնոյանը որոշակի տեղեկություններ հայտնեց այս ընթացքում ԱԺ չգնացած իմքայլական պատգամավորների մասին։
Համաձայն այդ տեղեկատվության՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատսպարված են եղել տարատեսակ նկուղներում, ապաստարաններում, Սորոսի գրասենյակում և ԱՄՆ դեսպանատան նկուղներում։
ԲՀԿ-ական պատգամավորը իշխանական գործընկերներին կոչ արեց դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք, որպեսզի իրենք կարողանան փրկել նրանց ժողովրդի ցասումից ու զայրույթից։