ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի նախագիծը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման իր ծրագիրը, որի հիման վրա էլ պլանավորվում է հետագա աշխատանքը։ Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, գործողությունների և միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ: Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի համապարփակ սխեմա գոյություն չունի: Յուրաքանչյուր դպրոց կարող է ցուցաբերել ինքնուրույն մոտեցում, սակայն զարգացման ծրագիրը մշակելիս ցանկալի է առաջնորդվել փոխկապակցված քայլերի հաջորդականությամբ, որը ներկայացվում է նախագծում:
Նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել դպրոցների գործունեության առավել երկարաժամկետ և ռազմավարական պլանավորմանը, կանոնակարգել զարգացման ծրագրերի հանդեպ պահանջները և դրանց ձևաչափը, ինչպես նաև մեծացնել ծրագրերի արդյունավետությունը՝ ի հաշիվ հստակ կառուցվածքի և առանձնացված բաղադրիչների։
Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև դեկտեմբերի 3-ը։