Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար նախատեսված անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100 000 բժշկական դիմակ և 43 000 ձեռնոց:
Այս մասին
հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում Չեխիայի Հանրապետությանը համավարակի պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգին մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- գրել են նախարարությունից:
Նշենք, որ կորոնավիրուսային վարակի տարածումից հետո մարդասիրական օգնության շրջանակներում աշխարհի տարբեր երկրներ օգնություն են ցուցաբերում Հայաստանին։