Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։
««Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական գործողությունների ժամանակ մեր Զինված ուժերին աջակցելու առաքելություն են իրականացրել: Մարզպետներից շատերը, եթե ոչ բոլորն առաջնագծում անցկացրել են բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ նրանց մի մասն ամենասուր ռազմական գործողությունների հատվածում: Բարձր եմ գնահատում դա և համոզված եմ նաև, որ այդ մարզերի բնակիչները նույնպես նկատել ու գնահատել են դա: Նաև մեր զինված ուժերը, բանակը նկատել և գնահատել են դա»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը, «թե ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար»:
«Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Որովհետև, ինչպես կառավարության այսօրվա նիստում ասացի, իսկապես ժամանակները շատ ծանր են, առաջիկայում մեզ սպասվում են բավականին բարդ գործընթացներ և պրոցեսներ: Այսօր ունենք խնդիր՝ անհետ կորածների հայտնաբերման, մարմինների փոխանակման, գերեվարված մեր հայրենակիցների վերադարձման, բնակարաններից, տներից, օթևանից զրկված մեր հայրենակիցների կարիքները հոգալու առումով: Եվ դեռ ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ ցավոտ են, բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում», – նշված է հաղորդագրության մեջ: