Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ` կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի առաջարկներ՝ պետություն-մասնավոր (PPP) համագործակցության մեխանիզմի կիրառմամբ:
«Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել ինչպես նոր ներդրումների ներգրավումը, այնպես էլ առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը և դրանով իսկ ապահովել տնտեսության զարգացումը», – ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել պետական այն ակտիվները, որտեղ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա, նշել ոլորտները, որտեղ ներդրումների ներգրավման հեռանկարներ կան, և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ պիլոտային ծրագրի տարբերակներ՝ հնարավոր արդյունքների և ռիսկերի գնահատմամբ: