Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը այսօր Հայաստան ժամանած լիտվացի բուժանձնակազմի հետ հյուրընկալվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:
Հանդիպման ժամանակ Վիկտորինը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իտալիայից և Գերմանիայից նույնպես խմբեր կժամանեն:
Դեսպանը նույնպես շնորհակալություն է հայտնել բժիշկներին Հայաստան այցելելու համար՝ կարևոր համարելով համավարակի ընթացքում Եվրամիության անդամ-երկրների աջակցությունը:
«Նման այցելությունները կարևոր են նրանով, որ մասնագետները կարող են իրենց փորձը փոխանակել, աշխատել միասին, ինչը շատ օգտակար է: Մենք պետք է ավելին անենք՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտական հետազոտությունների իրականացման ասպարեզում համագործակցությունն ավելի խորացնելու համար: Հուսով եմ, որ բոլորս միասին կհաղթահարենք այս ճգնաժամը»,-ասել է դեսպանը: