ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, քննարկվել են համահայկական կառույցի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագերի գործարկման մանրամասները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն, իր հերթին կարևորելով հիմնադրամի ծրագրերում Արցախի կառավարության մասնակցությունը, ներկայացրել է նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում: Մասնավորապես, Ասկերանում կկառուցվի 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկա օրերին կներկայացվեն Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը:
ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքն է տարվել, և պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու:
Նշենք, որ դեկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում բնակվում է շուրջ 70 000 քաղաքացի։ Արցախ վերադարձել են այն քաղաքացիները, որոնք բնակարաններ ունեն։ Հադրութի և Շուշիի բնակիչների կեցության խնդիրն Արցախի կառավարությունը ժամանակավոր լուծում է՝ վարձելով բնակարաններ, հնարավորության դեպքում, տեղավորելով հյուրանոցներում։