Հայաստանն Մոսկվայի եռակողմ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր: Մոսկովյան հանդիպման վերաբերյալ հոդվածով է հանդես եկել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Ըստ նրա՝ սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ:
Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին»,-նշել է Մանուկյանը։
Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ, ասպիսի հարցադրում է անում ընդդիմադիր գործիչը և ներկայացնում իր առաջարկները․
- Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար:
- Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր:
- Պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը։
«Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,-եզրափակել է նա:
Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարության առաջին կետով մասնավորապես նշվել է՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը: