ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10֊ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։ Այս մասին հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Տաթևիկ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավարը՝ ԵԽԽՎ֊ի լիագումար նիստի ժամանակ իր ունեցած ելույթով և դրան հաջորդող թվիթերյան գրառմամբ։
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին, չնայած Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը հրատապ կարգով չդրվեց քննարկման այն հիմնավորմամբ, որ նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում, սակայն, այնուամենայնիվ, հարցը դարձավ քննարկման առարկա: Քաղաքական խմբերից ԵԺԿ–ի եւ ԱԼԴԵ–ի ղեկավարները լիագումար նիստի ժամանակ խոսեցին խնդրի կարեւորության մասին։