ՀԱՊԿ-ն ի սկզբանե հանդես էր գալիս Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանում բոլոր խնդիրների խաղաղ կարգավորման օգտին:
Այս մասին երեքշաբթի կայացած առցանց ճեպազրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը չի սահմանափակվել միայն իրավիճակի մոնիտորինգով:
«Մենք մեծ աշխատանք ենք կատարել, սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ մենք ունենք կոլեկտիվ անվտանգության հիմնարար համաձայնագիր, որտեղ հստակ շարադրված են այս կամ այն պետություններին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ-ի հնարավորությունների օգտագործման պայմաններն ու կարգը»,- ընդգծեց Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը վկայակոչեց Կազմակերպության 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ ռազմական ագրեսիայի դեպքում, պետության խնդրանքով, նրա կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնալու դեպքում անմիջապես կտրամադրվի համապարփակ օգնություն, այդ թվում՝ ռազմական:
«Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին ռազմական կամ այլ օգնություն ստանալու համար: Ուստի մենք չենք գործարկել այս մեխանիզմը և չենք համարել այն»,- ընդգծեց Զասը՝ հավելելով, որ ՀԱՊԿ սահմանների անմիջական հարևանությամբ զինյալների առկայությունը ռիսկեր է պարունակում հավաքական անվտանգության համար:
«ՀԱՊԿ-ը տեղեկություն ուներ հակամարտության գոտում սիրիացի զինյալների ներկայության մասին: Մենք դա համարեցինք որոշակի ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար: Որտե՞ղ են այժմ այդ զինյալները: Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ իրավիճակի վերահսկողությունը իրականացնում են ռուսական խաղաղապահ ուժերը, Ադրբեջանը և Հայաստանը:
Բայց մենք ելնում ենք նրանից, որ վարձկանները, եթե նրանք այնտեղ են մնացել, պետք է լքեն այս տարածքը, քանի որ ՀԱՊԿ սահմանների անմիջական հարևանությամբ զինված ստորաբաժանումների կամ անօրինական զինված կազմավորումների ստեղծումը ռիսկային է մեր հավաքական անվտանգության համար»,- ասաց Ստանիսլավ Զասը: