Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե, իբրև, դադարեցվելու է ՌԴ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը։
«Արցախպրես» գործակալության հարցին, թե ինչպես կմեկնաբանեք լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, համաձայն որի՝ դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը, ԱՀ ԱԳՆ-ից պատասխանել են․
Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացմանը։