Հայաստանը չի կիրառել իր «Իսկանդերները» Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, հրթիռների ամբողջ պաշարը գտնվել է Հայաստանի զինված ուժերի պահեստներում, հինգշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:
«Ըստ մեր հավաստի տվյալների, որոնք հաստատվել են նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում տվյալ տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել»,- նշել են ՌԴ ՊՆ-ում:
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Հայաստանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները չեն պայթել կամ պայթել են միայն 10% -ով»:
«Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- ընդգծել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք հայտարարություններին։ Դիտարկմանը՝ Սերժ Սարգյանն ասում է՝ զարմացած եմ, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել ու հարցին՝ այդ ակնարկը ձե՞զ է հասցեագրված, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց, կարծում եմ, մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: շ
«Իսկանդերի» վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդեր» բալիստիկ հրթիռները չեն աշխատել, վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտ լինելու մասին։ Մարդիկ, որոնք ավելի կոմպետենտ են պատերազմի ու խաղաղության հարցերում, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է, 21-րդ դարի զենք է։ «Իսկանդերն» ապացուցել է իր բարձր որակները Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի ու Սիրիայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը: Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ երբ մարդը մեղավորներ է փնտրում, նա «Իսկանդերների» վրա էլ մեղքը կբարդի։