Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերn այն մասին, թե Հադրութի շրջանում վերջին երկու օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը զոհերը ունի։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: