Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ Ջալալ Հարությունյանը Irakanum.am-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է իր նոր պաշտոնի, անդրադարձել նաև ռազմաքաղաքական նախկին և ներկա ղեկավարության հետ ունեցած հարաբերություններին:
Անդրադառնալով իր նշակման շուրջ առկա քննադատություններին, և հարցին, թե ինչո՞ւ որոշեց ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը, Ջ. Հարությունյանը պատասխանել է. «Ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին և տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը»:
Հարցին՝ այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրել է համագործակցել դավաճան իշխանությունների հետ, նա պատասխանել է. «Ես որևէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում և ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, և կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը և այդպես միշտ շարունակելու եմ»:
Իսկ թե իր հարաբերություններն այդ ընթացքում ինչպիսին են եղել ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ընդգծել է. «Այն խնդիրները, որոնք եղել են` միանշանակ իմ կողմից միշտ բարձրաձայնվել է, այնպես չէ, որ նստել և լռել ենք: Լարված իրավիճակներ իհարկե չեն եղել, քանի որ այդ պահին մեր հիմնական խնդիրը արտաքին թշնամին էր»: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի հետ ունեցած խնդիրներին՝ նա շեշտել է. «Չի եղել կոնֆլիկտային վիճակ, եղել են խնդիրներ, որոնք բարձրացվել են»: