Փետրվարի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնում «Մասիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա է տեղափոխվել հիվանդանոց։
Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին փոքրիկի մայրն ու խորթ հայրը հայտնեցին, որ տղան գետնից դեղահաբ է գտել ու կուլ տվել, ինչից հետո տեղափոխել են հիվանդանոց։ շ
Երեխայի մարմնին վնասվածքներ կային։ Մասիսի ոստիկանները հետախուզական միջոցառումներ սկսեցին՝ պարզելով բոլորովին այլ բան։ Հետախուզական ծավալուն միջոցառումների հետ մեկտեղ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։
Մասիսի ոստիկանների, Մասիսի քննչական բաժնի և դատախազության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարից երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը տարբեր պատճառներով պարբերաբար հարվածներ են հասցրել երեխային։
Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղահաբ են խմեցրել։ Երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։