Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 24-ին Գիտական խորհրդի 1/3-ի պահանջով հրավիրված արտահերթ նիստը տապալվեց․ ուսանողների ու մի քանի դասախոսների կողմից ներկայացված օրակարգը խորհուրդը չհաստատեց։
Օրակարգային հարցերն էին՝ ԵՊՀ գործունեության կարևորագույն հարցերի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացում ԵՊՀ գիտական խորհրդի գործուն մասնակցության ապահովման խնդրի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում, ինչպես նաև ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի իրագործման ընթացքի մասին քննարկում:
Ո՞րն էր արտահերթ նիստ գումարելու պահանջը, ո՞վ և ինչո՞ւ տապալեց այն, ի՞նչ մթնոլորտ է տիրում համալսարանում 100-ամյակին ընդառաջ․ այս և այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանի հետ։
Գիտական խորհրդի դիրքորոշումը Հոգաբարձուների խորհրդի կողմից անտեսվել է․
Արտահերթ նիստում մենք ցանկանում էինք քննարկել, թե ինչպես կարելի է ԵՊՀ գործունեության կարևորագույն հարցերում բարձրացնել Գիտական խորհրդի դերը։ Վերջին շրջանում համալսարանի գործունեության առանցքային հարցերի քննարկման ընթացքում Գիտական խորհրդի դիրքորոշումը Հոգաբարձուների խորհրդի կողմից անտեսվել է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է բուհում կատարված կառուցվածքային փոփոխություններին և ԵՊՀ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրված Բյուրականի ուսումնաարտադրական բազայի օտարման հարցին, երբ հունիսին տեղի ունեցած նիստի ժամանակ Հոգաբարձուների խորհրդի նախագահը փորձում էր համոզել խորհրդի մյուս անդամներին կողմ քվեարկել օտարմանը, բայց համալսարանականների ջանքերով դա չհաջողվեց։
Մտահոգված ենք, որ փորձ է արվում ԵՊՀ-ն փոխանցել արտաքին կառավարման․
Հարյուրամյակի կապակցությամբ կառավարական հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց։ Չնայած ժամանակին հանձնաժողովի չստեղծումը ԿԳՄՍ նախարարը պայմանավորել էր Արամ Սիմոնյանի անձով։ Տոնական միջոցառումների համար պետության կողմից տրամադրված աջակցությունը չնչին է՝ 36 մլն դրամ, ավելի քիչ, քան 90-ամյակին էր։ Առաջին դեմքերը չեն մասնակցելու հիմնական միջոցառումներին։ Մենք ցանկանում էինք քննարկել, թե ով և որտեղ է թերացել իր գործում։ Բայց գիտական խորհրդի անդամները ռեկտորի ցուցումով տապալեցին նիստը։ Այս ամենը խորացրեց մեր մտահոգությունն առ այն, որ փորձ է արվում ԵՊՀ-ն փոխանցել արտաքին կառավարման։
Ենթադրում եմ՝ Հոգաբարձուների խորհրդից ճնշում է եղել ռեկտորի նկատմամբ․
Տեղեկություն ունեմ, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր մոտ է հրավիրել բոլոր դեկաններին և ցուցում տվել նիստը տապալել։ Ցավոք, մենք ժողովրդավարության առումով այնպիսի վիճակում ենք, որ դեկանների մեծամասնությունը հեշտությամբ ենթարկվել է։ Ի՞նչ էինք մենք առաջարկում՝ մեծացնել Գիտական խորհրդի դերը, նվազեցնել Հոգաբարձուների խորհրդի դերը։ Ու՞մ է դա ձեռնտու և ու՞մ կարող է ձեռնտու չլինել։ Վստահաբար դա ռեկտորին ձեռնտու էր, որովհետև գիտխորհրդում նա նախագահող է, իսկ Հոգաբարձուների խորհդին՝ ստորադաս։ Ենթադրում եմ՝ Հոգաբարձուների խորհրդից ճնշում է եղել ռեկտորի նկատմամբ, նա էլ ստիպված գնացել է նիստը տապալելու ճանապարհով։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը ժողովրդավարության առումով զգալի հետընթաց է արձանագրում․
Հոկտեմբերի 3-ին կայանալիք Գիտական խորհրդի նիստին քննարկվելու է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը։ Մենք շատ ակտիվ դերակատարություն ենք ունենալու և փորձելու ենք մեր մտահոգություններն առավելագույնս ներկայացնել Գիտական խորհրդին և նախարարությանը։ Ի վերջո, Գիտական խորհրդի դերի բարձրացմանն առնչվող շատ հարցեր կարգավորվում են հենց օրենքով։ Իսկ մյուս նախաձեռնությունների մասին թույլ տվեք առայժմ չբարձրաձայնել։ Նախագիծը ժողովրդավարության առումով զգալի հետընթաց է արձանագրում․ կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, դեկանների նշանակովի լինելը՝ ամեն ինչ նպաստելու է միահեծան կառավարմանը։
Մթնոլորտը ԵՊՀ-ում լարված է․
Բուհի մթնոլորտը լարված է։ Եթե չեմ սխալվում՝ 8 դատական գործ կա այս պահին։ Վերջին նիստի տապալումից հետո իրավիճակն ավելի է սրվել։ Ուսանողները խիստ բացասաբար են արձագանքել նիստի տապալմանը։ Հույս ունեմ, որ իրավիճակը շուտով կկարգավորվի։ Բայց մենք չենք դադարելու մեր նպատակներին հետամուտ լինել։ Ավելի լավ է լարվածության գնով մտքի բազմազանություն լինի, քան թե կեղծ միասնականության լոզունգների տակ ազատ միտք լռեցվի։
Աննա Կոստանյան