Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա առթիվ Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Հուշարձանների պահպանությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է, և բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, վերականգնման և օգտագործման տիրույթում հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը:
Օրվա խորհրդին ընդառաջ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ներկայացնելով 2020-2021 թթ. վերականգնման ոլորտի աշխատանքները՝ փաստել է, որ 2020 թվականին պետական բյուջեի միջոցներով իրականացվել են Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու ամրակայման և տանիքների նորոգման, Սյունիքի մարզի Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու վերականգնման, Հոռոմի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։
Վերականգնվել է նաև Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» արձանը, որը տեղադրվել է Լոռվա Դսեղ գյուղում։
«Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և Երևան-Սևան ճանապարհին տեղադրված՝ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման աշխատանքները»,- նշել է Հարություն Վանյանը:
Հավելենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ապրիլի 12-ից Երևանում և մարզերում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանների մաքրման աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև դպրոցականները»-մասնավորապես նշվել է հաղորդագրության մեջ: