Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով տնտեսության ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Մասնագետի խոսքով՝ այս տարի բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնել, որպեսզի զբոսաշրջությունը հնարավոր լինի փրկել փլուզումից։ Իսկ ի՞նչ պետք է անել ոլորտը ոտքի կանգնեցնելու համար։
«Պետք է զբոսաշրջության ոլորտը արագ զարգացնելու համար ծրագիր մշակել։ Թիրախում պետք է լինի ներգնա զբոսաշրջության զարգացումը։ Անհրաժեշտ է նաև որոշակի բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև գործարար ներդրումային մրցակցային միջավայրը բարելավել։ Շատ կարևոր է նաև, որ մենք աշխարհին ապացուցենք, որ Հայաստանն, ինչպես միշտ, կարող է բարձր մակարդակով, ջերմորեն հյուրընկալել այցելուներին»,- ասաց փորձագետը և ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ-ն չներառվի այցերի համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում։
Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի՝ այս ամենին կարելի է հասնել, եթե ունենք պահանջարկին համապատասխանող պրոֆեսիոնալ մասնագետներ։
Ոլորտի ներկայացուցիչները ձեռքները ծալած չեն նստում․ այս ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում։ Զբոսաշրջության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրեր են սկսել։
«Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկամյա կրթական ծրագիր է նախաձեռնել հյուրանոցային բիզնեսի կառավարման ոլորտում, որը լավ հնարավորություններ է ընձեռում մարդկանց՝ իրենց հմտությունների կատարելագործման հարցում»,- առաջիկա անելիքները ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
Նա նշեց, որ համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում խնդիր է դրված պահպանել և զարգացնել կադրային պոտենցիալը, ինչը թույլ կտա մի քանի տարվա ընթացքում վերականգնել զբոսաշրջության ոլորտի սահմանափակումների հետևանքով գրանցված կորուստները։
Մեխակ Ապրեսյանն իր հերթին տեղեկացրեց, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան ևս կշարունակի երկշաբաթյա էքսկուրսավարների վերապատրաստման ծրագրերը։