ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին, խոսել նաև ապագայի իր տեսլականի մասին:
«Առաջինը՝ չպետք է Արցախի և Հայաստանի տարբաժանում անենք: Մենք չենք կարող ունենալ Արցախի վատ ապագա ու մտածել, թե Հայաստանում կարող ենք լավ ապագա ունենալ: Անկախ նրանից, թե ինչպիսի ողբերգության առաջ մեզ կանգնեցրեցին այս կապիտուլյանտները, մենք պետք է մեզնից վանենք հուսահատությունը: Անկասկած շատ ծանր վիճակում ենք, անկասկած տեղի է ունեցել աներևակայելին, բայց մյուս կողմից էլ մենք ուղղակի պարտավոր ենք առանց վախենալու վերլուծել իրականությունը և նայել ճշմարտության աչքերին»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը եղել է շատ ավելի ծանր վիճակներում, բայց գտնվել են անհատներ, կամք ու ուղեղ ունեցող մարդիկ, որոնք կարողացել են մեր ժողովրդին առաջնորդել և մենք կարողացել ենք ազգովի հառնել ավերակներից:
«Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ իմ սերունդը կարողացավ կյանքի-մահու կռիվ տալ և հաղթել: Հեշտ չէր, և նույնիսկ այն պահերին, երբ թվում էր թե ամեն ինչ վերջացած էր: Երբեք մենք մեղավորներ չէինք փնտրում, բայց կարողանում էինք գնահատել և պատասխանատվության կանչել մարդկանց, որոնք իրենց գործը լավ չէին անում: Ի վերջո, 30 տարի մենք հաղթած ժողովուրդ էինք, և աշխարհը մեզ ընդունում էր որպես այդպիսին, մենք Հայաստանից հեռու ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն էինք տվել, որ նրանք հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ լինեն: Ես այս ասպեկտի վրա եմ ուշադրություն դարձնում, որովհետև շատերը խոսում են արտագաղթի մասին: Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ: Բոլորը պետք է հասկանան, որ լքելով Հայաստանը, որտեղ էլ հայտնվեն, պարտված ժողովրդի ներկայացուցիչներ են լինելու և ուզեն, թե չուզեն՝ չեն կարողանալու գլուխները բարձր քայլել: Պետք է մնալ Հայաստանում ու գիտակցել, որ դժվարագույն աշխատանք է մեզ սպասվում: Բոլորս՝ մեծ ու փոքր, պետք է լծվենք դժվար աշխատանքի, պետք է գիտակցենք, որ կարճ ժամանակում ամեն ինչ չենք կարողանալու վերականգնել, բայց այս գիտակցումով և այսպիսի մոտեցումով մենք կարող ենք փրկել իրավիճակը: Այս իշխանությունները պետք է հեռանան, չի կարող պատասխանատուն մնալ նույն պաշտոնում, երբ կատաստրոֆա է եղել, անհնար է: Եվ պետք է գան իմ ասած ունակություններով օժտված անհատներ, որպեսզի կարողանան առաջնորդել մեր ժողովրդին, հակառակ պարագայում՝ մենք կորցնելու ենք մեր պետությունը և դադարելու ենք որպես ժողովուրդ գոյություն ունենալ»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ օգնում են նրանց, ովքեր ուզում են դեպի լավը տանել իրենց կյանքը կամ պետությունը:
«Մուրացկաններին խղճում են, մենք երբեք մուրացկան չենք եղել և չպետք է լինենք, պետք է կարողանանք ապահովել մեր անվտանգությունը և կարողանանք բարելավել մեր սոցիալական վիճակը»,-ասել է Ս. Սարգսյանը: