Ինչպես այսօր տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այցի վերաբերյալ մանրամասներ է հայտնել:
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-25-ը:
Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։
«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինն է: Նախարարությունից հայտնում են նաև, որ այցի շրջանակներում նախախատեսվում են Հակոբ Արշակյանի պաշտոնական մի շարք հանդիպումներ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու նրա օգնական Ինգա Վարդանյանը փետրվարի 19-22-ը գործուղվել են Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «IDEX 2021» միջազգային պաշտպանության համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: