ԱԺ-ն քննարկեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու ու Տոների և հիշատակի օրերի մասին օրենքների նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
«Նախագծերի փաթեթը վերաբերում է օրինապահ հարկ վճարողների ինստիտուտն օրենսդրորեն ամրագրելուն, ինչպես նաև ապրիլի 19-ը հարկ վճարողների օր սահմանելուն։ Ներկայացված նախագծերով ամրապնդվում է օրինապահ հարկ վճարողների համակարգը, ինչն այս պահին կարգավորվում է ՊԵԿ նախագահի հրամանի շրջանակներում։ Հարկ վճարողների օր սահմանելու նպատակն է ընդգծել հարկ վճարողի դերակատարությունն ու կարևորությունը, այդ նպատակով նպաստել հարկային կարգապահությանը»,-նշեց հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Քննարկվեց նաև Հարկային օրենսգրքի վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
«Այս նախագծով առաջարկվում է ԱԱՀ վերադարձվող գումարների ժամանակաշրջան սահմանել յուրաքանչյուր հաշվետու ամիսը։ Այս փոփոխություններով հարկ վճարողները չեն սպասի մինչև ամսվա ավարտը և ամսական կտրվածքով դրանք հետ կստանան։ Այդպիսով, հարկ վճարողները հնարավորություն կունենան նաև լրացուցիչ միջոցներ ներարկել տնտեսություն»,-ասաց ՊԵԿ նախագահը։